«Կրեմլը ոչ կոռեկտ է համարում Գելենջիկի «պալատի» սեփականատեր գործարարների անունների հրապարակումը». Պեսկով
Գելենջիկի «պալատը», որի պատկանելիությունը վերջերս հրապարակված «հետաքննություններից» մեկում վերագրվել էր Ռուսաստանի Դաշնության ղեկավարին, պատկանում է մեկ կամ մի քանի գործարարների: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կրեմլը ոչ կոռեկտ է համարում այս օբյեկտի սեփականատերերի անունների հրապարակումը:
«Կրեմլն իրավունք չունի հրապարակել այդ սեփականատերերի անունները: Եվ մենք չենք էլ պատրաստվում դա անել, պարզապես այդպես ճիշտ չի լինի», - բացատրել է նա:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին Հակակոռուպցիոն հիմնադրամը հրապարակել էր երկժամյա տեսանյութ Գելենջիկի մոտակայքում Պրասկովևկա գյուղում գտնվող մի շինության մասին, որը հետաքննության շրջանակում ներկայացվում է որպես «Պուտինի պալատ»:
Անշարժ գույքի կառուցման մասին նշվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգից ժամանած գործարար Սերգեյ Կոլեսնիկովի բաց նամակում: Փաստաթղթում նշված էր, որ շենքի անվանական սեփականատերը գործարար Նիկոլայ Շամալովն է:
Բաց նամակի հրապարակումից մի քանի ամիս անց շինության սեփականատերը դարձել է Ալեքսանդր Պոնոմարենկոն:
Ըստ հետաքննության՝ իրականում շենքը պատկանում է Պուտինի շրջապատին, և այն կառուցվել է «Ռոսնեֆտ»-ի և «Տրանսնեֆտ»-ի հաշվին: Բացի այդ, նշվում է, որ կալվածքի տարածքում կա սառցե պալատ, եկեղեցի, հսկայական ջերմոց, ամֆիթատրոն և դեպի թեյարան տանող կամուրջ: