85-ամյա իսպանուհին զարմացրել է ընտանիքին՝ հուղարկավորությունից ինն օր անց «հարություն առնելով»
85-ամյա կինը, որին ընտանիքը մահացած էր համարում, զարմացրել է իր հարազատներին՝ վերադառնալով ինն օր անց այն բանից հետո, երբ տեղեկացրել էին, որ նրան հուղարկավորել են։
Ռոգելիա Բլանկոյի ընտանիքին տեղեկացրել են, որ թոշակառու կինը հունվարի 13-ին մահացել է COVID-19-ից, եւ նրան թաղել են հաջորդ օրը, հայտնում է La Voz de Galicia թերթը: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ընտանիքը չի մասնակցել հուղարկավորությանը:
Այդ պատճառով, երբ նա շաբաթ օրը ողջ ու առողջ եկել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Կսովայի ծերանոց, որտեղ ապրում է նաեւ նրա ամուսին Ռամոն Բլանկոն, վերջինս ցնցվել է։ «Ես չէի կարող հավատալ դրան»,- ամուսնու խոսքերն է մեջբերում թերթը:
San Rosendo հիմնադրամը, որը ղեկավարում է ծերանոցը, հայտնել է, որ սխալ է տեղի ունեցել, Բլանկոն եւ մյուս բնակիչները, ովքեր ունեցել են COVID-19, դեկտեմբերի 29-ին տեղափոխվել են մեկ այլ ծերանոց` հատուկ բուժում ստանալու համար: «Տեղափոխված տարեցների մեջ երկու կնոջ մեկ սենյակ է հատկացվել»,- հայտնել է հիմնադրամը: «Կսովայից Պրեյրո դե Ագիար տեղափոխման ընթացքում նույնականացման սխալը հանգեցրել է նրան, որ երբ նրանցից մեկը հունվարի 13-ին մահացել է, նրա տվյալները սխալ են նշվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամը ներողություն է հայտնել «անախորժ միջադեպի» կապակցությամբ: