«Մարդկությունը դեռ երկար տարիներ է պայքարելու համավարակի դեմ». ԱՀԿ
Մարդկությունը դեռ երկար տարիներ է պայքարելու համավարակի դեմ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է eadaily.com կայքը:
«Չնայած Covid-19-ի դեմ պայքարում առաջընթացին, այնուամենայնիվ, մեծ թվով գործոններ կան, որոնք ցույց են տալիս, որ համաճարակի հաղթահարումը հեշտ չի լինի»,-ասել է Ռայանը ճեպազրույցի ժամանակ:
Նա բացատրել է, որ այսօր մարդիկ ամբողջ աշխարհում վարակվում են նոր կորոնավիրուսով: Ամեն տեղ չէ, որ հաջողվում է կանխել վիրուսի տարածումը, իսկ արտադրված պատվաստանյութերի քանակը բավարար չէ համավարակից միանգամից ազատվելու համար:
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ հիվանդության դեմ պայքարին ուղղված բոլոր միջոցներն ու ջանքերն ապարդյուն չեն, քանի որ դրանք ամեն օր օգնում են նվազեցնել Covid-19- ից մահացության մակարդակը և նոր հիվանդությունների քանակը:
Ռայանը նաև ավելացրել է, որ մարդկության պատմության մեջ արդեն պատահել է, որ համաճարակները ձեռք են բերել տեղային բնույթ և ձգվել են երկար տարիներ: Նման սցենարով, նրա կարծիքով, երիտասարդ սերունդն է հայտնվելու հարվածի տակ, քանի որ տարիների ընթացքում մեծահասակների մոտ հիվանդության նկատմամբ իմունիտետ է զարգանում: