Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում. Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի
Հունվարի 4-ի երեկոյան իր տունը վառած՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանն իր ընտանիքի՝ կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ այժմ ապրում է նույն գյուղի հին ու խոնավ մի տանը, սակայն նշում է՝ իրեն կացարանը չի հետաքրքրում։ NEWS.am-ի հետ զրույցում շուռնուխցին նշել է, որ ինքը շարունակում է իր հողը պահանջել, որը հունվարի 5-ին հանձնվեց Ադրբեջանին։
«Կացարանն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, ես մեշոկում էլ, դոմիկում էլ կմնամ, ինձ իմ հողն է պետք, որ կարողանամ կանգնել։ Ես տան համար չեմ նվնվա, տուն կսարքեմ, քարը քարին կդնեմ, ես հող պահանջող մարդ եմ, տուն պահանջող մարդ չեմ։ Նույն հոգեբանությամբ էլ դաստիարակում եմ իմ երեխաներին»,- պատմել է Արարատը։
Նա ասաց, որ հիմա էլ Շուռնուխում է. «Մեզ մոտ մարդիկ գալիս են, լուսավորության հարցն են լուծում, սահմանապահներին են աջակցություն հայտնում։ Քիչ առաջ մարդիկ էին եկել նաեւ համայնքապետարանից»։
Հարցին՝ համայնքում ի՞նչ դրություն է վերջին օրերին, բնակիչը պատասխանեց. «Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում։ Եկեք իմ ընտանիքի հետ ապրեք ու ականատես եղեք, թե որքանով է հանդարտվել վիճակը։ Մեր գյուղի այդ ճանապարհի լայնությունն ընդամենը 6 մետր է, մեզ 6 մետրն է բաժանում թշնամուց, իսկ թշնամին ամենավատ բանին էլ ընդունակ է։ Երեխաներիդ ասում ես՝ թասիբդ տեղը պահի, նամուսով եղի, ու գնում, պատուհանից նայում ես քո վառված տանը, քո արած-դրածին, որը վառել ես»։
Նա պատմել է, որ եղբայրն այս պահին մնում է գյուղապետարանի շենքում. «Շուտով կսկսվեն գարնանային աշխատանքները, անասունները օրը մեկի գոմն ենք պահում, դեռ հույս ունենք, որ տուն ենք վերադառնալու»։