Ուկրաինայի ԱԳ նախարարը ՌԴ-ին «թշնամի», իսկ Նավալնիին «ընկեր» է անվանել
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը սատարում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու կոչերին, քանի որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թշնամին է։ Միևնույն ժամանակ Կուլեբան նաև հիշեցրել է Նավալնիի՝ Ղրիմը «երշիկով բուտերբրոդի» հետ համեմատելու մասին հայտարարությունը և ասել է, որ ուկրաինացիները չպետք է հիանան ռուս բլոգերով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում ՌԴ-ում, կարևոր է նաև Ուկրաինայի շահերի համար ... կա մի խոսք. իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Դա կարելի է ասել Նավալնիի մասին, որպես անձի, որն այժմ ցույցերի մարմացումն է, և որի պաշտպանության համար դուրս են եկել փողոց: Իրականում ռուսները դուրս են եկել ոչ թե Նավալնիին, այլ իրենց պաշտպանելու համար: Բայց նա Պուտինի թշնամին է, ուստի մենք սատարում ենք նաև Նավալնիի ազատությանը և բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են այդ ազատության համար»,- հայտարարել է Կուլեբան:
Նա նաև կարծում է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու վերադարձնել Ղրիմը:
«Ուկրաինայի շահերի տեսանկյունից մենք չպետք է հիանանք Նավալնիով: Ես համոզված եմ, որ բուտերբրոդը ստիպված են լինելու վերադարձնել, ընդ որում՝ չկծած և թարմ, լավ վիճակում: Այստեղ իլյուզիաներ չպետք է լինեն: Նա դեռ պետք է ներողություն խնդրի, եթե որոշակի հեռանկարում՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում գլխավորի Ռուսաստանը կամ ինչ-որ քաղաքական տեղ զբաղեցնի համակարգում: Բայց, ինչպես ասացի, իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Հետևաբար, եթե Նավալնին Պուտինի թշնամին է, ապա մենք աջակցում ենք Նավալնիին: Դա շատ պարզ է»,-ասել է Կուլեբան:
Ավելի վաղ Նավալնին հայտարարել է, որ Ղրիմը դե ֆակտո «պատկանում է» Ռուսաստանին, և իրականությունն այն է, որ Ղրիմը «Ռուսաստանի Դաշնության մաս է» և այլևս չի վերադառնա Ուկրաինա:
«Ղրիմը երշիկով բուտերբրոդ է, ի՞նչ է, որ անընդհատ փոխանցվի մեկից մյուսին»,- հայտարարել էր նա։
Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում Նավալնի աջակիցները ակցիաներ են իրականացրել, դրանց մասնակցել են նաև անչափահասներ: