«Կորոնավիրուսային համավարակից հետո վերականգնման գործընթացում կրթությունը պետք է դառնա առաջնահերթություն». ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար
Կորոնավիրուսային համավարակից հետո վերականգնման ընթացքում կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռևս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրի Ազուլեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես կոչ եմ անում երկրներին և գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս»,- մանրամասնել է նա ու հավելել, որ անհրաժեշտ են բավարար ֆինանսավորմամբ ծրագրեր դպրոցների անվտանգ վերաբացման համար:
«Նման նախաձեռնությունն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին և որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար»,- վստահեցրել է կառույցի ղեկավարը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանխատեսումների՝ կրթության ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0.78%-ը:
Միևնույն ժամանակ նշվում է՝ համավարակի պատճառով կրթության ֆինանսական օժանդակությունը կրճատվել է 12%-ով: