Պորտուգալիայում կորոնավիրուսի համավարակի սրացման ֆոնին անցկացվում են նախագահական ընտրություններ
Պորտուգալիայում կիրակի մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Կամարտահայտումը տեղի է ունենում կորոնավիրուսի համավարակի եւ երկրում համաճարակաբանական իրավիճակի սրացման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին եւ կգործեն մինչեւ 19:00-ն: Պորտուգալիայում ձայնի իրավունք ունի ավելի քան 9 միլիոն մարդ: Բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, այդ թվում՝ հանրապետության գործող առաջնորդ Մարսելու Ռեբելու դի Սոուզան:
Երկրի գործող 72-ամյա ղեկավարը ստանձնել է պաշտոնը 2016 թվականին եւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն՝ նախագահական մրցավազքի ֆավորիտն է: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել կամարտահայտման արդյունքում ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա փետրվարի 14-ին Պորտուգալիայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
10 միլիոն բնակչություն ունեցող Պորտուգալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 625 հազար դեպք, մահացել է ավելի քան 10,1 հազար պացիենտ: Ընտրությունների նախօրեին երկրում գրանցվել է վարակվածների թվի օրական աճի, ինչպես նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի առավելագույն թվի հակառեկորդ: Այդ կապակցությամբ Պորտուգալիայի իշխանությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, որպեսզի կարողանան երաշխավորել ընտրությունների անվտանգ անցկացումը: