Փորձագետ. Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը
Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, սակայն եթե այն սկսվի, ո՞ր երկրները կլինեն թիրախները՝ Ռուսաստա՞նը, թե՞ Իրանը, դեռ պարզ չէ: Ամեն դեպքում Հայաստանը մարտական գործողությունների թատերաբեմ դառնալու վտանգի տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Կարսում Ադրբեջանի եւ Թուրքիայի զորավարժությունները ռազմատենչ հայտարարությունների ֆոնին սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:
Նա պարզաբանեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները նշանակություն ունեն հենց այդ տեսանկյունից, եւ չեն հետապնդում տնտեսական նպատակ, այլապես կբացվեր նաեւ Կարս-Գյումրի երկաթուղին, ինչպես նաեւ ավտոճանապարհները Ղազախի միջով:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով հայկական բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ չկան:
«Այո, Հայաստանը միշտ հայտարարել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, սակայն նախկինում դա ենթադրում էր դիվանագիտական աշխատանքի ճանապարհով հարցի լուծում: Իսկ այժմ դա ընդամենը թշնամական գործողությունների շարունակություն է: Այդ գործընթացը հիմնված չէ մեր ազգային արժանապատվության վրա, այլ կապիտուլյացիայի շարունակություն է»,-հավելեց Մելքոնյանը:
Փորձագետը նկատեց, որ Բաքուն եւ Անկարան գործում են Հայաստանի դեմ բոլոր միջազգային հարթակներում: Ադրբեջանը պատրաստում է բազմամիլիարդանոց դատական հայցեր:
«Ներկայիս իշխանություններն ունակ չեն դրան դիմակայելու, իսկ հանրության մի մասը դեռ դուրս չի եկել քարոզչության ազդեցության տակից, սակայն ժողովուրդը չի հանդուրժի մեր պատմական հողերի, մշակութային եւ կրթական կենտրոնների կորուստը»,-նշեց թուրքագետը: