«Վենեսուելան հաղթել է Թրամփին, նրա հեռանալը հաղթանակ է մեր երկրի համար»․ Մադուրո
Վենեսուելան հաղթել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նրա հեռանալը հաղթանակ Է լատինամերիկյան երկրի համար, կարծում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է ria.ru-ն։
«Այսօր՝ հունվարի 20-ին, հեռացավ Դոնալդ Թրամփը, հեռացավ, հեռացավ։ Մենք նրան հաղթեցինք։ Սա Վենեսուելայի հաղթանակն է։ Նա հեռացավ միայնակ, դա մեր հաղթանակն է», - հայտարարել է Մադուրոն։
Մադուրոն նաև հայտարարել է, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը «պետք է վերջ տա Վենեսուելայի դիվականացմանը»։
«Ես ԱՄՆ-ի նոր կառավարությունը կոչ եմ անում վերջ տալ բոլիվարյան հեղափոխության և Նիկոլաս Մադուրոյի դիվականացմանը և շրջել Վենեսուելայի հարցում ստի, դիվականացման և ատելության էջը»,- ասել է նա։
Մադուրոն հույս է հայտնել, որ Բայդենի ժամանումից հետո ԱՄՆ-ում կվերանայեն Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը։
Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչով, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը: