Եթե ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդել է, թե Շուշին հայկական չէ, նա հայոց լեզվի հետ խնդիր ունի. ԱԺ պատգամավոր
Երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի եւ Շուշին մնա հայկական. Դրան վարչապետը պատասխանել է եւ ասել է, որ թե պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ, թե դրան նախորդած բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել մի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. նաեւ շեշտել է, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել եւ հռետորական հարց է հնչեցրել, թե ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն Շուշի է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
«Հիմա եթե դրանիից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն էդ մարդը կամ հայոց լեզվի հետ հասկանալու խնդիր ունի, կամ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի:
Վարչապետը, ըստ էության հարց է տվել՝ ասելով, որ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադչրբեջանական բնակչություն է, դուք դա համարում եք հայկական Շուշի, թե ոչ: Թող էս հարցին ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետեւություններ անի»,-հավելեց նա:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ «Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասել էր վարչապետը։