Պոմպեոն Չինաստանին մեղադրել է ույգուրների ցեղասպանության մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Չինաստանի իշխանություններին մեղադրել է Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների եւ այլ էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանության մեջ: Խոսքը մարդկության դեմ հանցագործությունների մասին է, որը ներառում է կամայական ձերբակալություններ եւ ավելի քան միլիոնավոր բնակիչների ֆիզիկական ազատության այլ սահմանափակումներ, բռնի ամլացում, խոշտանգումներ, հարկադիր աշխատանք, ինչպես նաեւ դավանանքի, կարծիքի արտահայտման եւ տեղաշարժման ազատությունների հրեշավոր սահմանափակումներ, նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ղեկավարի հայտարարության մեջ:
Նման գործողությունները վիրավորանք են չինացի ժողովրդի եւ ամբողջ աշխարհում քաղաքակիրթ ազգերի նկատմամբ, շեշտել է Պոմպեոն: Նրա խոսքով՝ Չինաստանին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել:
Վաշինգտոնը Պեկինին կոչ է արել անհապաղ ազատել կամայականորեն ձերբակալված բոլորին, դադարեցնել ձերբակալվածների պահման վայրերում խոշտանգումներն ու բռնությունը, դադարեցնել ույգուրների եւ այլ փոքրամասնությունների հետապնդումները: ԱՄՆ Պետքարտուղարությունը կշարունակի տեղեկություններ հավաքել ինքնավար շրջանում տեղի ունեցողի վերաբերյալ, նշել է Պոմպեոն: