Ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, սպանել է քաղաքականությունը, որ ստիպված չլինի ընդունել այն փաստը, որ իր միակ նպատակը Արցախը հանձնելն է. Արթուր Դանիելյան (տեսանյութ)
Հիմա քաղաքական դաշտում կան կառույցներ և անձիք, որոնք իրենց նպատակն են հռչակել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը, այդ պայքարը մեծ մասամբ կարելի է արդեն ընդունել, որ անհաջող է, և անհաջող է այն պատճառով, որ այդ պայքարում քաղաքական բովանդակություն չկա: Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասաց միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, իհարկե քաղաքականությունը սպանել էր, ընդ որում, սա սկսել էր իշխանությանը գալուց առաջ: Հայաստանում կար պատերազմի կուսակցություն և խաղաղության կուսակցություն, խաղաղության կուսակցությունն ամեն կերպ փորձում էր քաղաքական բովանդակությունից դուրս մնալ, որ ստիպված չլիներ ժողովրդին ասել՝ իրենց միակ նպատակը Արցախը հանձնելն է: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել, սպանել է քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինի ընդունել այն փաստը, որ իր միակ նպատակը Արցախը հանձնելն է»,-ասաց նա:
Ըստ Դանիելյանի՝ սրա համար են եղել այն բոլոր շոուները, որոնք շեղել են քաղաքացիների ուշադրությունը և սրանից հետո Նիկոլ Փաշինյանը հրամցնելու է իր մտածած խաղաղության օրակարգը: Դանիելյանի մտահոգություններից մեկն այն է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցությունների օրակարգում չկա ստորագրված եռակողմ փաստաթղթի չեղարկման պահանջը, որը քաղաքացիներին կարող է ընտրության առաջ կանգնեցնել, ըստ երևույթին, երկու «խաղաղության» միջև:
Մանրամասները՝ տեսանյութում։