Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը
Մենք տապալել ենք քննիչ նհանձնաժողովի աշխատանքը, եւ ես դրա մեջ մեղքի իմ բաժինն եմ տեսնում: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին ներկայացված հաշվետվության քննադատությանը:
Թունյանի խոսքով՝ չնայած հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով, այլ ոչ թե իշխող դաշինքի նախաձեռնությամբ, ինքն անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, որ ներդնի հնարավորինս մեծ ավանդ, համենայնդեպս՝ այն նպատակով, որ իմանա օբյեկտիվ իրականությունը: «Բայց իրականում ես անբավարար եմ աշխատել հաշվետվության վրա»,- խոստովանեց պատգամավորը:
Նա նշեց, որ համապատասխան ուսումնասիրությունների համար առանձնացվել է Հայաստանում գործող 5 հանքավայր, որոնք հետագայում վերաբաշխել են քննիչ հանձնաժողովի անդամների միջեւ: «Ցավոք, մենք բավարար տեղեկություններ չենք ստացել այդ 5 հանքավայրերի մասին: Կան ընկերություններ, որոնց հաշվետվությունները մենք ընդհանրապես չենք կարողացել գտնել: Եթե որեւէ լրագրող որոշեր հետաքննություն անցկացնել եւ ներկայացնել դրա համար որոշակի ռեսուրսներ, ապա նա, ամենայն հավանականությամբ, ավելին կիմանար, քան մենք»,- խոստովանեց խորհրդարանականը:
Բաբկեն Թունյանը նշեց, որ փաստացի այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է միայն մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները պարզելու համար: «Սակայն այդ ընկերությունը չի կարողացել որեւէ շահույթ ստանալ, քանի որ հանքավայրն անգամ չի շահագործում»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենը պետք է իրենց համար դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողովի ստեղծումը որեւէ մեկի համար ինքնանպատակ չլինի: