Սիրիան հերքել է ՌԴ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ ենթադրյալ կապի վերաբերյալ շրջանառվող լուրերը
Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարարությունը հերքել է Իսրայելի հետ ենթադրյալ կապի մասին լուրերը, հայտնում է almasdarnews.com թերթը:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև Ռուսաստանի միջնորդությամբ նախատեսվող հանդիպումների մասին:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին հերքում է Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև հանդիպումների վերաբերյալ կեղծ հաղորդագրությունները, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցներում և նշում, որ նման տեղեկությունների հրապարակումն այդ լրատվամիջոցների հովանավորների անհաջող փորձն է` Իսրայելցի օկուպանտների վերաբերյալ Սիրիայի կայուն դիրքորոշումների վերաբերյալ խառնաշփոթ սերմանելու նպատակով», - նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նախարարությունից հաստատել են, որ պաշտոնական Դամասկոսի քաղաքականությունն անփոփոխ է, ինչը ներառում է Սիրիայի ազգային շահերը` Պաղեստինյան հարցի լուծման, ինչպես նաև Գոլանի բարձրունքների ազատագրման վերաբերյալ:
Նախարարության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է.«Այս լրատվամիջոցների ետևում կանգնած են այն նույն ուժերը, ովքեր կարգավորում են հարաբերությունները Իսրայելի և արաբական երկրների միջև, և երբ տեսնում են, որ իրենց պարզունակ մեթոդները չեն աշխատում` դիմում են լրատվական կեղծիքի»:
Թերթը հիշեցնում է, որ Իսրայելի ստեղծումից ի վեր Սիրիան և Իսրայելը երբեք դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել: