Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածել, թե իբր Վազգեն Մանուկյանն այսօր այցելել էր Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին նրա ճանապարհը. Ապատեղեկատվություն
Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածել, թե իբր Վազգեն Մանուկյանն այսօր այցելել էր Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին նրա ճանապարհը և չէին թողնում մտնել մարզ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումը որևէ մարզային այցելություն չունեն:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»: