ՃՈ-ի կողմից տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը. փոխոստիկանապետ
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը։
«Նախագիծը նպատակ ունի ապահովելու ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը՝ կանխարգելելու ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորելու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը», - առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման արդյունքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։
Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով։
Ֆիդանյանի կարծիքով` ՃՏՊ-ների առիթ շատ հաճախ դառնում է վարորդի` հեռախոսով խոսելը կամ անգամ ծխելը։
«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վարորդի ծխելու պատճառով վթարներ են տեղի ունենում, երբեմն ՝ ծանր հետևանքներով»,-նշեց Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։ Համաձայն համակարգի` Հայաստանում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am