Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. Նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ Շնեգավիթի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ ընթանում է Մարտի 1–ի գործով դատավարությունը և մոտեցավ առատ ձյան պայմաններում իրեն աջակցելու եկած քաղաքացիներին։
«Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն ձեր աջակցության համար, ձեր հետ եմ, եղել եմ, կամ և միշտ լինելու եմ։ Ուղղակի հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»,– ասաց Քոչարյանը։
Հավաքվածները նրան դիմավորեցին ծափողջյուններով և «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։
Նշենք, որ դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է թարգմանչի բացակա լինելու պատճառով։
Նշենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հունվարի 19-ին, գրեթե 4 ամիս տևած ընդհատումից հետո, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին: Դատավարությունն ընդհատվել էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով, առաջին պատերազմի ակտիվ մասնակիցները մեկնել էին ռազմական գործողությունների գոտի:
Դատարանը վերջին նիստում հետաձգել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ որոշման ընդունումը: Միջնորդությունը ներկայացրել էր տուժող Սերոբ Գրիգորյանը:
Արցախի առաջին նախագահ, Հայաստանին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Հիշեցնենք, որ խոսքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին է: