Անկումն այնքան խորն է, որ դժվար է լինելու ընդհանուր տնտեսության վերականգնումը. տնտեսագետ
Դատելով ԱՎԾ-ի նոյեմբերի վերջի տվյալների ամփոփ ցուցանիշներից՝ ակնհայտ է, որ մենք 8-10 տոկոս անկմամբ ենք փակելու 2020 թվականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` անդրադառնալով տնտեսության խնդիրներին:
«Անկում են ապրել բոլոր ոլորտները` ծառայություն, առևտուր, շինարարություն, արտահանումը և ներմուծումը նվազել են և նույնիսկ 12-16 տոկոսանոց անկում ունենք: Անկումն այնքան խորն է, որ դժվար է լինելու ընդհանուր տնտեսության վերականգնումը, բայց հատկապես ծառայությունների ու առևտրի ոլորտում որոշակի խնդիրներ կան, քանի որ համավարակը մի կողմից, բնակչության և բիզնեսի բացասական սպասումները մյուս կողմից, թույլ չեն տալու, որպեսզի այս ոլորտները աշխուժանան»,-ասաց նա և նշեց, որ նույնը նաև շինարարության ոլորտին է վերաբերում, քանի որ նման ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հիմնականում հետաձգում են խոշոր ձեռքբերումները` անշուրժ գույքի տեսքով, հետևաբար շինարարության համար ևս 2021 թվականը ծանր տարի է լինելու:
«Եթե քաղաքական և տնտեսական ոլորտներում որևէ բան չփոխվի, ապա իրավիճակը էլ ավելի վատթարանալու է, ինչը հանգեցնելու է բնակչության էլ ավելի աղքատացման, սոցիալական խնդիրների սրացման, իսկ եթե այս ամենին հավելենք նաև գնաճի սպասվող տեմպերը, երևույթները, ապա պատկերը էլ ավելի վատթար է դառնում»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական անկումը մեղմելու միակ նախապայմանը գործելն է, անկմանը հակազդելը, ինչը պետք է կառավարությունը անի, բայց ներկա կառավարությունը ի զորու չէ, որևէ տնտեսական ծրագիր առաջ քաշել, առավելևս այն բարեհաջող կյանքի կոչել: «Հետևաբար իմ խորին համոզմամբ` քանի դեռ քաղաքական առումով որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել, տնտեսական կյանքում լավ բան սպասել պետք չէ»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ 2020 թվականին անկումը այնքան խորն է եղել, որ եթե նույնիսկ 2 տոկոսանոց տնտեսական աճ ունենանք 2021 թվականին, այդ դեպքում տասը տարվա հետո կվերադառնանք 2019 թվականի իրավիճակին: