Հոնկոնգի կառավարությունը Պեկինին կաջակցի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցառումներ ընդունելու հարցում
Հոնկոնգի կառավարությունը դատապարտում է ԱՄՆ վերջին պատժամիջոցները չինացի 6 պաշտոնյաների դեմ, Պեկինին կաջակցի պատասխան միջոցառումներ ընդունելու հարցում, նշված է հատուկ վարչական շրջանի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Հոնկոնգում իրավիճակի պատճառով Չինաստանի մի քանի քաղաքացիներին պատժամիջոցների ցուցակի մեջ ընդգրկելու մասին: Ցուցակի մեջ ընդհանուր 6 մարդ է հայտնվել, որոնց թվում կան Չինաստանի քաղաքացիներ: Դրանից բացի, պատժամիջոց է սահմանվել նաեւ Հոնկոնգի ոստիկանության կոմիսարի տեղակալի դեմ:
«Հոնկոնգի կառավարությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ Պետքարտուղարության ընդունած «հարկադիր միջոցառումները»՝ ըստ «նախագահի, այսպես կոչված, Հոնկոնգի կարգավորման մասին հրամանի», Չինաստանի կենտրոնական կառավարության եւ Հոնկոնգի կառավարության 6 պաշտոնատար անձանց դեմ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հոնկոնգի կառավարությունը «լիովին աջակցում է (Չինաստանի) կենտրոնական կառավարությանը համապատասխան հակամիջոցառումների ընդունման հարցում»:
Վերջին շրջանում ԱՄՆ-ն Չինաստանի եւ երկրի Կոմունիստական կուսակցության պաշտոնատար անձանց դեմ մի ամբողջ շարք քայլեր է նախաձեռնել, ներառյալ պատժամիջոցներ, տարբեր պատրվակներով, այդ թվում՝ փոքրամասնությունների ճնշման, մարդու իրավունքների խախտման, Հոնկոնգի ինքնավարության ոտնահարման եւ այլ պատրվակներով: Չինաստանը ԱՄՆ բոլոր մեղադրանքները հերքում է: