Մեր ոչ մի իշխանություն երբեք ադրբեջանցի ժողովրդին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել. Թաթոյան
Դրանք մեր մոնիտորինգի արդյունքներն են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության եւ ատելության քարոզի մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրաբվունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ֆրանսիական մամուլում հայ երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված ատելության քարոզի մասին հրապարակմանը:
«Հայ երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հայատյացությունը այնտեղ ունի առանձնակի ուղղություն եւ հատուկ խրախուսվում է: Այս ամենն արտահայտված է մեր արտահերթ զեկույցում, որն ամբողջությամբ ապացույցների վրա է հիմնված: Այն, ինչ ես հրապարակեցի, ընդամենը մեր զեկույցից մի մաս էր: Ավելին, հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում եւ կազմակերպված ինստիտուցիոնալ քաղաքականություն է, այլ ավելի նոր զարգացումներ է ստանում: Գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմինների կողմից, խրախուսվում է իրենց մշակույթի գործիչներով եւ նաեւ ա արժանանում է խրախուսանքի հասարակությունում: Ավելին, այն պատերազմական հանցագործությունները, որոնք կատարում են Ադրբեջանի ԶՈՒ-ն, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք օգտագործում են նույն բառերը, ինչ Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինները:
Այս ընթացքում նոր զարգացումներ է ստացել: Օրինակ կարող եմ բերել դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահների ելույթները, որոնք ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով էին: Հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը եւ այլն»,-ասաց Թաթոյանը:
Նա նկատեց, որ հարցն այն է, որ այս հայատյաց քաղաքականության հիմքերը, շարժառիթները եւ արդյունքները հասանելի լինեն միջազգային հանրությանը, ինչն իրենց կողմից արվում է:
«Ակնհայտ է, որ այն ատելության մթնոլորտը որ կա, երբ խոսում են հայ երեխային մորթելու, արյունը խմելու մասին, այդ ամենը իրենց մոտ պետական, կազմակերպված ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված քաղաքականության արդյունք է: Իրենք անգամ օգտագործում են իրենց երկրի ղեկավարի խոսքերը:
Իսկ դուք վերցրեք եւ ուսումնասիրեք, որ մեր ոչ մի իշխանություն երբեք ադրբեջանցի ժողովրդին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել: Առավելագույնը մեզ մոտ առանձին, անհատական, այն էլ ֆեյքերով դեպքեր են: Դա մեզ մոտ երբեք չի կրել կազմակերպված բնույթ»,-ասաց ՄԻ պաշտպանը: