Ինդոնեզիան ներբեռնել է Sriwijaya Air-ի կործանված ինքնաթիռի ձայնագրիչի տվյալները
Ինդոնեզացի քննիչները հաջողությամբ ներբեռնել են Sriwijaya Air ավիաընկերության նախորդ շաբաթ կործանված ինքնաթիռի ձայնագրիչից թռիչքի տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը, գրում է Reuters-ը՝ երկրի տրանսպորտային անվտանգության գործակալությանը հղումով:
Ձայնագրիչը «ունի 330 պարամետր, և բոլորը գտնվում են լավ վիճակում», - ասվում է տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի (KNKT) հայտարարության մեջ ՝ վկայակոչելով առկա տվյալները:
Կարգավորումները ներառում են տարբեր ինքնաթիռների համակարգերից գրանցված տվյալների քանակը, ներառյալ թռիչքի ուղին, արագությունը, շարժիչի հզորությունը և ինքնաթիռի թևերի կազմաձևերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 9-ի կեսօրին Boeing 737-500 ինքնաթիռը, որում 62 ուղևոր է եղել, ընկել է Ճավա ծովը, Ջակարտայի գլխավոր օդանավակայանից թռիչք կատարելուց չորս րոպե անց:
Ինդոնեզիայի ոստիկանությունը երկուշաբթի կատարել է վթարից զոհվածի առաջին նույնականացումը: Ոստիկանական ծառայության աշխատակիցը նշել է, որ բորտուղեկցորդ Օկի Բիսմայի ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով:
«Իմ անչափ բարի ամուսին ... Դրախտը քո տեղն է ... Մինչև մենք նորից հանդիպենք սիրելիս», - ինստագրամի իր էջում գրել է Օկիի կինը, որը ևս բորտուղեկցորդուհի է:
Boeing 737-500 ինքնաթիռը ներքին չվերթով մեկնում էր Բորնեո կղզու Պոնտիանակ քաղաք, որը գտնվում է Ջակարտայից մոտ 740 կմ (460 մղոն) հեռավորության վրա:
Հիշեցնենք՝ տեղի ունեցածն Ինդոնեզիայում երկրորդ խոշոր ավիավթարն էր այն բանից հետո, երբ 2018-ին թռիչքից կարճ ժամանակ անց Lion Air-ին պատկանող Boeing 737 MAX-ը նույնպես խորտակվեց Ճավա ծովում: Այդ ժամանակ զոհվել էր 189 ուղևորր և ողջ անձնակազմը: