Հայաստանում 30-40 տոկոսով թանկացել է արևածաղկի ձեթը և ալյուրը, հացի քաշը պակասել է. փորձագետը նշեց պատճառները
Հայաստանում դեռեւս մինչեւ Ամանորը թանկացել էին արեւածաղկի ձեթը եւ ալյուրը (երկուսն էլ 30-40 տոկոսով), ինչպես նաեւ հացը եւ շաքարը: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ սա պայամանավորված է այն հանգամանքով, որ աճել են նշված արտադրանքների գները Ռուսաստանում, որտեղից դրանք ներմուծվում են:
«Արձանագրվել է նաեւ ցիտրուսային արտադրանքի գնաճ: Գնաճի պատճառներից մեկն է դրամի դեւալվացիան: Ալյուրի գնաճի ֆոնին տնտեսվարող սուբյեկտները հացի գների զսպման նպատակով (որքան դա հնարավոր է) հացի քաշը մոտ 30 գրամով նվազեցրել են»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին, ապա դրանք, ինչպես նշեց փորձագետը, հիմնականում կփոխարինվեն ռուսական, չինական կամ իրանական ապրանքներով:
«Կենցաղային քիմիան հիմնականում ներմուծվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Առայժմ գնաճ չկա, բայց չի կարելի բացառել»,- ամփոփեց նա: