Ի՞նչ վերապահումով է Բաքուն ստորագրել մահապատիժն արգելող կոնվենցիան
Ադրբեջանը 1999 թվականին միացել է մահապատիժը չեղարկող «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի «Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությանը», սակայն վերապահումով: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի «Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրության մասին» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:
Համաձայն վերապահման՝ մահապատիժը կարող է կիրառվել միայն մարտական գործողությունների սկսվելու դեպքում եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքի դեպքում: «Ադրբեջանում մահապատիժ կարող է կիրառվել նաեւ անձի կողմից ռազմական հանցանք կատարելու դեպքում: Այնուամենայնիվ, կոնվենցիան թույլ է տալիս վերապահում միայն ռազմական գործողությունների ընթացքում առանձնապես ծանր ռազմական հանցագործությունների դեպքում: Այդպիսով, վերապահումը, որը հնչեցրել է ադրբեջանական կողմը, հակասում է տվյալ կոնվենցիայի պահանջներին»,-պարզաբանեց Վարդանյանը՝ նկատելով, որ երկրները, որոնք այդ ժամանակ աջակցել են տվյալ կոնվենցիային եւ միացել դրան, դժգոհել են Բաքվի նման որոշումից:
Ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները փորձում են «իրավական հիմնավորում» տալ հայ ռազմագերիների սպանություններին, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: