Առաջին օմբուդսմեն. Ռազմագերիների եւ անհետ կորածների հարցը քաղաքականացվում է և՛ Երևանում, և՛ Բաքվում
ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ռազմագերիների եւ անհետ կորածների թվի մասին տեղեկությունը գաղտնի է, խոսում է հարցի քաղաքականացման մասին: Այն փաստարկը, թե դա արվում է մարդասիրական նպատակով, համոզիչ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա պարզաբանեց, որ պետք է լինեն ռազմաճակատ մեկնածների, վերադարձածների, վիրավորների ցուցակներ, ինչպես նաեւ հայտնի ռազմագերիների ցուցակներ, եւ բացի նրանցից բոլոր մնացածը պետք է անհետ կորած համարվեն:
«Հայաստան 44 գերիների վերադարձից հետո Բաքուն հայտարարեց նոր գերիների մասին: Ադրբեջանն այդպիսով ոչ միայն խախտում է միջազգային նորմերը, այլ նաեւ հակասում է ինքն իրեն: Բաքուն ոչ միայն քաղաքականացնում է այդ հարցը, այլ նաեւ զբաղվում է մանիպուլյացիայով՝ դա կապելով տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ»,-նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ երեւույթի դեմ, պետք է նաեւ քաղաքական աշխատանք տանել, ինչը չի արվում:
«Երկրում միակ աշխատող մարմինը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է: Մենք գրագետ մասնագետներ ունենք, իսկ ահա համակարգային աշխատանք չի տարվում»,-նշեց Ալավերդյանը:
Նա պարզաբանեց, որ մինչ այս պատերազմը անհետ կորածների ընտանիքներին (որոնց թիվն ավելի քան 200 է) եւս պետք է օգնություն ցուցաբերել:
«Որքան էլ որ տարօրինակ է, վերջերս կառավարության ընդունած աջակցության միջոցները նրանց վրա չեն տարածվում»,-եզրափակեց առաջին օմբուդսմենը: