YouTube-ն առնվազն մեկ շաբաթով կսառեցնի Թրամփի հաշիվը
YouTube ծառայությունը կսառեցնի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը առնվազն մեկ շաբաթով: Այս մասին CNN-ին ասել է YouTube-ի խոսնակը:
Նա նաև մանրամասնել է, որ սառեցման ժամկետը կարող է երկարացվել:
Նրա խոսքով՝ վերջերս Թրամփի ալիքում տեղադրված տեսանյութը «բռնություն է հրահրել» և հեռացվել:
Հաշիվը սառեցնելու որոշումը մեկ շաբաթ անց կրկին կվերանայվի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Twitter-ն ու Facebook-ը հայտարարել էին Թրամփի հաշիվների՝ անորոշ ժամկետով սառեցման մասին՝ nնրան մեղադրելով բռնություն հրահրելու համար: Մյուս, ավելի քիչ հայտնի սոցիալական ցանցերը հետևել են այդ օրինակին: Երեքշաբթի Թրամփը հայտարարել է ազատ խոսքի դեմ աննախադեպ հարձակման մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: