Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն ոչինչ չպետք է ստորագրվեր․ Արամ Վարդեւանյան. Tert.am
Երբ ստորագրում ենք հայտարարություն, որում առկա չէ ռազմագերիների վերաբերյալ որեւէ դրույթ, արդյոք դրանով մեր կամարտահայտությունը չե՞նք հայտնում, որ այսպես շարունակելը նորմալ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ռազմագերիների հարցն այս փուլում լուծել չի հաջողվել։
«Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն ոչինչ չպետք է ստորագրվեր։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ իշխանական քարոզիչներն առաջ էին տանում այն թեզը, թե թեժ պատերազմ էր, որը պետք էր րոպե առաջ դադարեցնել, այդ պատճառով էլ ստորագրվեց հայտարարություն, որ կյանքեր փրկվեն, եւ ռազմագերիների վերադարձի ժամանակացույց չֆիքսվեց, եւ նրանց վերադարձի հարցն առաջին կետում չէր։ Այդ դեպքում այժմ ո՞րն էր խոչընդոտը, որը թույլ չէր տա չստորագրել այդ փաստաթուղթը»,-ասել է փաստաբանը։
Նա ընդգծել է՝ դեռեւս մինչեւ եռակողմ հանդիպումը Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե գերիների հարցն առաջնային է, իսկ եթե առաջնային հարցը որեւէ արտացոլանք չի ստանում նոր հայտարարության տեքստի մեջ, ըստ Վարդեւանյանի, պետք է հետաձգվեր դրա ստորագրումը։
«Մի կողմից խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, բայց դեռ ռազմագերիների հարցը չենք կարողանում լուծել, մի կողմից ստորագրում ենք փաստաթուղթ, որը տնտեսական առումով առավելապես հետաքրիքիր է Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց նաեւ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը ցանկանում է արգելել ՀՀ արտգործնախարարի մուտքը Արցախ, ու որի վերաբերյալ ՀՀ իշխանության կողմից որեւէ պատասխան հայտարարություն չկա։ Եթե մի երկրի ղեկավար պարտվել է խայտառակ ձեւով, իր կազմակերպչական ունակությունների բացակայության, սխալ կառավարելու եւ ղեկավարելու պայմաններում, պարզ է, որ նույն կերպ էլ պետք է բանակցություններ վարի»,-ասել է Վարդեւանյանը։
Նա նշել է՝ դեռ դեկտեմբերին Ադրբեջանի բարձագույն մակարդակով հայտարարություն հնչեց, որ այլեւս ռազմագերիներ առկա չեն Ադրբեջանում, որին ՀՀ-ից հետեւեց միայն ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որով նա ընդգծեց, որ նման մեկնաբանությունն անընդունելի է, եւ Ժնեւյան կոնվենցիաները գործում են կոնֆլիկտային իրավիճակների պայմաններում, առավել եւս՝ ռազմական կոնֆլիկտների։
«Կարծես թե բոլորի համար հասկանալի էր, որ Արցախյան հակամարտության հետ կապված զարգացումները սեպտեմբերի 27-ից ի վեր ռազմական բնույթ ունեն, այստեղ երկրորդ կարծիք չկար, հետեւաբար, դրա գործողությունների արդյունքում ցանկացած անձի դեպքում, ում ազատությունը սահմանափակվել է թշնամի երկրի կողմից, առկա է ռազմագերու կարգավիճակը, եւ Ադրբեջանի մեկնաբանությունն իրավունքի հետ առնչություն չուներ։ Բայց դրա վերաբերյալ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից չեղավ գոնե մեկ հայտարարություն։ Այս պայմաններում միջազգային իրավունքի ամենադասական կոնցեպտներից մեկն այն է, որ եթե պետությունն իր վարքագծով հարմարվում է ցանկացած իրավիճակի, դրանից հետադարձը ծայրահեղ դժվարանում է»,- ասել է փաստաբանը։
Հարցին՝ եթե ռազմագերիների հարցով անորոշությունը շարունակվում է, որը պետք է լինի հաջորդ քայլը՝ տեսանելի արդյունքի համար, Վարդեւանյանն արձագանքել է, թե այս պայմաններում շատ դժվար է ասել՝ ինչ քայլ է հնարավոր ձեռնարկել։
«Դրա համար նոյեմբերի 10-ից սկսած թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձառու մասնագետները, թե՛, նույնիսկ ՌԴ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ տարածված մոտեցում է՝ պարտված իշխանությունները պետք է հեռանան։ Դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ եթե երեկ բանակցային սեղանի մոտ լիներ ՀՀ նոր ներկայացուցիչ, ով կունենար շատ ավելի արժանապատիվ դիրքերից խոսելու հնարավորություն, մենք կունենայինք այն պատկերը, որ, ենթադրենք, այս փաստաթուղթն առանց ռազմագերիների հարցի չէր ստորագրվի»,-ասել է Արամ Վարդեւանյանը։