Զրկվել ենք վերջին 100 տարում ստեղծված ռազմահայրենասիրությանն ուղղված բոլոր ստեղծագործություններից. արձակագիր
Մենք այսօր զրկվել ենք վերջին 100 տարում ստեղծված ռազմահայրենասիրությանը նպատակաուղղված ամեն տեսակի ստեղծագործություններից՝ սկսած ազգագրական երգերից, որ կարող են այսօր անտեղի թվալ, ժողովրդական երգերից, բեմադրություններից, գրքերից: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց արձակագիր Սամվել Խալաթյանը:
«Մենք կարծես դրանք կատարելու իրավունքը չունենք: Ինձ զարմացրեց մի ահավոր բան. երբ ակադեմիկոս, Արցախում թանգարան հիմնադրած մարդը՝ Գուրգեն Գաբրիելյանցը, հարցազրույցում ասում է, որ երբ թանգարանի բոլոր ցուցանմուշները արկղերում պահեստավորել են, մշակույթի նախարարությունից եկել են տեղափոխելու համար, հարցրել են՝ իսկ արկղերում ոսկի կամ արծաթ կա՞: Երբ լսել են, որ այդտեղ կտավներ են, արվեստի արժեքներ են, թափ են տվել ձեռքն ու գնացել են եւ այդ ամբողջը մնաց Շուշիում»,-ասաց նա՝ հռետորական հարց տալով, թե սա ինչ է, եթե ոչ դավաճանություն:
Սամվել Խալաթյանը կոչ արեց մտավորականներին այցելել շրջաններ, գյուղեր: