«Microsoft»-ը, «Facebook»-ը, «Google»-ը և մի շարք այլ ընկերություններ Կապիտոլիումի դեպքերից հետո հրաժարվել են նվիրատվություններ կատարել քաղաքական ուժերի օգտին
Ամերիկյան մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Microsoft»-ը, «Facebook»-ը և «Google»-ը ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վրա հարձակման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով դադարեցրել են նվիրատվությունները որևէ քաղաքական ուժի, հաղորդում է ТАСС-ը:
«Facebook»-ը, օրինակ, մինչև ընթացիկ տարբա մարտի վերջ հրաժարվել է միջոցներ հատկացնել, ավելին՝ հետաքննություն են անցկացնելու այդ ուղղությամբ ընկերությունում առկա կանոնների վերանայման ուղղությամբ:
«Microsoft»-ն իր հերթին հրաժարվել է միջոցներ տրամադրել, քանի դեռ Կապիտոլիումում տեղի ունեցածին հստակ գնահատականներ չեն տրվել: Նման հայտարարություն է արվել նաև «Google»-ի և հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «T-Mobile»-ի կողմից:
Բնակության վայրի վարձակալության ծառայություններ մատուցող «Airnub» ընկերությունն էլ հայտարարել է, որ կկասեցնի նվիրատվություններն այն օրենսդիրներին, որոնք դեռ պաշտոնապես չեն ընդունել Բայդենի հաղթանակը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: