Բայդենի երդմնակալությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Ռուսաստանին, մասնակցելու է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը
ԱՄՆ-ը ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ուղարկել Ռուսաստանին, ТАСС-ի հետ զրույցում հայտնել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունից:
«Նման հրավեր ստացել ենք: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը կմասնակցի արարողությանը»,- հայտնել են դիվանագիտական ծառայությունից:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախորդ տարեվերջին հայտարարել էր, որ ՌԴ դեսպանը, հավանաբար, կմասնակցի ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը՝ միաժամանակ նշելով, որ այլ երկրներից արարողությանը նման մասնակցություն նախատեսված չէ:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: