Ինդոնեզիան կործանված Boeing-ի զոհերի որոնման համար ստորջրյա անօդաչու սարք է օգտագործում
Ինդոնեզիան հեռակառավարվող ստորջրյա սարք է տեղակայել՝ օգնելու ջրասուզակներին որոնել զոհվածների աճյունները և վերականգնել թռիչքի ձայնագրիչները Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռից, որը երեք օր առաջ ծովն էր ընկել թռիչքից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, շաբաթ կեսօրին Boeing 737-500 ինքնաթիռը, որում 62 ուղևոր է եղել, ընկել է Ճավա ծովը, Ջակարտայի գլխավոր օդանավակայանից թռիչք կատարելուց չորս րոպե անց:
Ինդոնեզիայի ոստիկանությունը երկուշաբթի կատարել է վթարից զոհվածի առաջին նույնականացումը: Ոստիկանական ծառայության աշխատակիցը նշել է, որ բորտուղեկցորդ Օկի Բիսմայի ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով:
«Իմ գերբարի ամուսին ... Դրախտը քո տեղն է ... Մինչև մենք նորից հանդիպենք սիրելիս», - ինստագրամի իր էջում գրել է Օկիի կինը, որը ևս բորտուղեկցորդուհի է:
Boeing 737-500 ինքնաթիռը ներքին չվերթով մեկնում էր Բորնեո կղզու Պոնտիանակ քաղաք, որը գտնվում է Ջակարտայից մոտ 740 կմ (460 մղոն) հեռավորության վրա:
Հիշեցնենք՝ տեղի ունեցածն Ինդոնեզիայում երկրորդ խոշոր ավիավթարն էր այն բանից հետո, երբ 2018-ին թռիչքից կարճ ժամանակ անց Lion Air-ին պատկանող Boeing 737 MAX-ը նույնպես խորտակվեց Ճավա ծովում: Այդ ժամանակ զոհվել էին 189 ուղևորներ և ողջ անձնակազմը: