Թրամփը մասամբ ընդունել է իր մեղքը Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հարցում. Fox News
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մասամբ ընդունել է իր մեղքը օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած և 4 մարդու մահվան հանգեցրած անկարգությունների հարցում, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ գործող ղեկավարը հավանական է համարել որ ինքը մեղավոր է այդ իրադարձությունների համար, և նման կարծիք է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Քեվին Մաքքարթիի հետ հանդիպման ժամանակ:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: