ԿՀՎ-ի նոր ղեկավարի պաշտոնում Բայդենն առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամս Բերնսին
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսի թեկնածությունն առաջադրվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնում: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմը:
«Դեսպան Բերնսը ճգնաժամերի ընթացքում փորձված պետական ծառայող է, որի կարիերան նվիրված է ամերիկացիների անվտանգության և բարօրության ապահովմանը»,- ասվում է Բայդենի թիմի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, եթե Բերնսը նշանակվի ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, նա կդառնա հատուկ ծառայության առաջին ղեկավարը, որը դիվանագիտական կարիերա է ստեղծել: Վերջինս 33 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և 2014-ին ավարտել է ծառայությունը: Նա խոսում է ռուսերեն և արաբերեն:
2005-2008 թվականներին Բերնսը եղել է ԱՄՆ դեսպանը Ռուսաստանում: Բացի այդ, որպես դեսպան նա աշխատել է Հորդանանում: