Թուրքիան նշել է Ռուսաստանից С-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու նախապայմանը
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել С-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը՝ տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել (ԱՄՆ-ի կողմից), մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ցանկանայինք, С-400-ի երկրորդ խմբաքանակը հենց այսօր կհասներ, բայց համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիայի փոխանցումը մեզ համար կարևոր են»,-մեջբերում է Դեմիրին CNN-ի թուրքալեզու ծառայությունը:
Դեմիրը հավելել է, որ Թուրքիայի կողմից ձեռք բերված С-400 համակարգերը «պատրաստ են շահագործման և կօգտագործվեն անհրաժեշտության դեպքում»:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որենք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին:
Մասնավորապես, պաշտոնապես Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին «Ֆ-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ ըստ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի:
Պաշտոնական Անկարան հրաժարվել էր կատարել ԱՄՆ պահանջը և շարունակել է բանակցություններ վարել լրացուցիչ խմբաքանակի շուրջ: