Թուրքական դատարանը հայտնի իսլամական քարոզչին դատապարտել է 1075 տարվա ազատազրկման
Ստամբուլի դատարանը մի շարք հոդվածներով մեղադրվող հայտնի իսլամական քարոզիչ Ադնան Օքթարին դատապարտել է 1075 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Օքթարը ձերբակալվել է 2018-ի հուլիսին և մեղադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, երեխաների նկատմամբ սեռական բռնության, սեռական ոտնձգությունների, անչափահասների հետ սեռական հարաբերությունների, առևանգման, բռնաբարության, շանտաժի, մարդկանց ապօրինի ազատազրկման, ռազմական և քաղաքական լրտեսության, կրոնական համոզմունքների և մարդկանց զգացմունքների օգտագործման միջոցով խարդախության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման, փաստաթղթերի կեղծման և այլ հանցագործությունների համար:
Օքթարի հետ միասին գործում ներգրավվել է 236 մարդ, որոնք տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել:
Օքթարը, որը հայտնի է Հարուն Յահյա կեղծանվամբ, թուրք պսևդոգիտական գրող է և իսլամական կրեացիոնիստ: Հեղինակ է քաղաքական, կրոնական և գիտահանրամատչելի հարցերի վերաբերյալ ավելի քան 300 գրքերի, որոնք թարգմանվել են 76 լեզուներով:
1986 թվականին Օքթարը ձերբակալվել է «աշխարհիկ պետության սոցիալական, տնտեսական կամ քաղաքական կառուցվածքը մասամբ փոխելու նպատակով կրոնը կամ կրոնական զգացմունքները, ինչպես նաև կրոնական սրբավայրերը օգտագործելու փորձ կատարելու մեղադրանքով: Դատարանը որոշել էր, որ հանցակազմ չկա, որից հետո Օքթարը արդարացվել ու ազատվել էր կալանքից:
Օքթարը պսևդոիսլամական աղանդի առաջնորդ է, որը քարոզում է սեռական ստրկություն և խմբակային սեքս: