Բեռլինի ոստիկանությունը կուժեղացնի Բունդեսթագի պաշտպանությունը Վաշինգտոնում անկարգություններից հետո
Բեռլինի ոստիկանությունը կուժեղացնի Բունդեսթագի պաշտպանությունը Վաշինգտոնում անկարգություններից հետո: Այս մասին իր ուղերձում պատգամավորներին տեղեկացրել է Բունդեսթագի ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն, հաղորդում է DW-ը:
Ինչպես գրում է Շոյբլեն, Բեռլինի հողային ոստիկանությունն արդեն կարգադրել է ավելացնել ուժերը Ռեյխսթագի շենքի հարակից տարածքներում: Բացի այդ, խորհրդարանի ղեկավարը ԱԳՆ-ին խնդրել է զեկույց ներկայացնել Վաշինգտոնում անկարգությունների մասին, նա խորհրդակցություններ կանցկացնի հողային եւ դաշնային մակարդակներում այն մասին, թե ինչ եզրակացություններ պետք է անել Բունդեսթագի անվտանգության նկատմամբ:
Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Բեռլինի ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում Բունդեսթագի եւ ԱՄՆ-ին պատկանող օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Վաշինգտոնի իրադարձությունները համեմատել է անցած ամառ COVID-դիսիդենտների կողմից Բունդեսթագ ներխուժելու փորձերի հետ: «Ժողովրդավարության թշնամիները կուրախանան Վաշինգտոնի այդ անմիտ տեսարաններից: Սադրանքներն արագ կհանգեցնեն բռնության՝ Ռեյխսթագի աստիճանների վրա, իսկ հիմա էլ Կապիտոլիումում: Ժողովրդավար ինստիտուտների նկատմամբ քամահրանքը կործանիչ հետեւանքներ կունենա»,-ասել է նա: