Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես տեղյակ կլինեի․ Ռուստամ Բադասյանը՝ ցուցարարներին
Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը պարզաբանումներ տալու նպատակով քիչ առաջ մոտեցավ նախարարության դիմաց հավաքված քաղաքացիներին։ Նախարարին քաղաքացիներից մի քանիսը դիմավորեցին «բանակից փախած», «հայրենիքի դավաճան» վանկարկումներով։
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով քաղաքացիներին խնդրեց իրավիճակը չսրել եւ լսել նախարարին։ Նա նշեց, որ Ռուսամ Բադասայանի հետ կարճ քննարկում է ունեցել եւ խնդրել, որ իջնի քաղաքացիների մոտ։
«Վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որեւէ պայմանագիր չկա, տարածվածը ապատեղեկատվություն է։ Նոր ոճ է ի հայտ եկել տելեգրամյան անհայտ ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածել, որի վրա հղում են անում ԶԼՄ-ները եւ հասարակությունում առաջանում են հուզումներ, անհանգստություններ։ Կոչ եմ անում բոլորին չհավատալ եւ չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքանը հարց ուղղեց, թե որպես Կառավարության անդամ տեղյա՞կ է՝ կա փաստաթուղթ կամ պայմանագիր, որը նախատեսվում է հունվարի 11-ին ստորագրվել Մոսկվայում։
«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես որպես Կառավարության անդամ տեղյակ կլինեի դրա գոյության մասին»,- նշեց Բադասյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա էին անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ենթադրաբար ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։