Իրաքյան դատարանը Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրաման է արձակել իրաքցի հրամանատարի սպանության գործով
Բաղդադի դատարանն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրաման է արձակել իրաքցի զինվորական հրամանատարի սպանության գործի հետաքննության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է «Ալ-Արաբիա»-ն, խոսքը Իրաքի խոշորագույն իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» ռազմական խմբավորման փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանության մասին է, որը մահացել է 2020 թվականի հունվարի երեքին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ:
Նույն ավիահարվածի հետևանքով մահացել էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին: Նրանց շարասյան ուղղությամբ հասցվելիք ավիահարվածի հրամանը տվել էր Թրամփը: Ըստ աղբյուրի՝ Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ «երկու մարդու է շարքից հանել մեկի գնով»:
Թրամփին ձերբակալելու հրաման Իրանն արձակել էր դեռևս հունիսին, ինչպես նաև խնդրել էր Ինտերպոլին այդ մասին տեղեկացնել աշխարհի բոլոր երկրների ոստիկանական ուժերին, սակայն Ինտերպոլն այդ խնդրանքը դեռ չի բավարարել: