Բայդենն ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է դատավոր Մերիք Գարլանդի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Կոլումբիա շրջանի վերաքննիչ դատարանի գլխավոր դատավոր Մերիք Գարլանդին առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Բայդենի գրասենյակի հայտարարությունը:
«Այսօր նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է արդարադատության նախարարությունում առանցքային նշանակումների մասին. դատավոր Մերիք Գարլանդն առաջադրվել է գլխավոր դատախազի պաշտոնում: Լայզա Մոնակոյի թեկնածությունն առաջադրվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Գարլանդի թեկնածությունը ժամանակին Գերագույն դատարանում առաջադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, սակայն հանրապետականները հրաժարվել էին անգամ քննարկել վերջինիս թեկնածությունն Օբամայի նախագահության վերջին տարվա ընթացքում:
ԱՄՆ գլխավոր դատախազը գլխավորում է երկրի արդարադատության նախարարությունն ու զուգահեռ համակարգում մի շարք հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Հետքննությունների դաշնային բյուրոյի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որից հետո Դոնալդ Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում կատարել: