«Մեր կորուստը ահռելի է, ցավը՝ անջնջելի, բայց ապագան, հանուն որի գնացին լավագույնները, մեր ձեռքում է». Աննա Հարությունյան
Դերասանուհի Աննա Հարությունյանը գրառում է կատարել՝ նշելով, որ այն, ինչ կատարվեց մեզ հետ, ընկալում է որպես մի հուժկու ապտակ:
«Ապտակ, որը գլխապտույտ է առաջացնում, ապտակ, որն աղմուկով է լցնում ականջները, խամրեցնում տեսողությունը, բայց եւ երբեմն արթնացնում կեղծիքի եւ ինքնախաբեության խորը թմբիրից։ Ժամանակը ամեն ինչ չէ, որ բուժում է։ Բուժվելու համար ցանկություն է պետք, բժշկվելու համար՝ կամք եւ գիտակցություն: Մեր որոշելիքն է, թե ինչպես կմեկնաբանենք այս թվացյալ «անսպասելի» ապտակը. կչարանանք, թե՞ մյուս այտը դեմ կտանք, ուրիշների մեջ մեղավորներ կփնտրենք, թե՞ քաջություն կունենանք մեր սխալներն ընդունելու եւ կենսական հարցեր վերանայելու:
Մեր կորուստը ահռելի է, ցավը՝ անջնջելի, բայց ապագան, հանուն որի գնացին Լավագույնները, մեր ձեռքում է։
Մենք միշտ բողոքել ենք մեր բախտից, բայց երբեք կասկածի տակ չենք դրել մեր խելքը...
ժամանակն է. ի զեն։
Ի զեն ոչ միայն զենքով, այլ խելքով, գիտությամբ, հային հատուկ հնարամտությամբ, բայց ոչ երբեք խորամանկությամբ եւ մեծամտությամբ, հային հատուկ ազնվությամբ, բայց ոչ երբեք ավելորդ սրտաբացությամբ, հային հատուկ նպատակասլացությամբ, բայց ոչ երբեք պնդաճակատությամբ։ Վերջապես եկեք դառնանք այն հայը, որին միայն կենացների մեջ ենք նկարագրում։ Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ եւ իրար հետ...
Խոնարհումս բոլոր զոհված, անհետ կորած, գերեվարված հայորդիների ծնողներին:
Գիտակցված, խաղաղ, բարեբեր Նոր Տարի մեր բոլորի ընտանիքներին»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին։
Գրառումն ու լուսանկարը՝ այստեղ: