Բրիտանացիները Ֆրանսիայում 2500 մարդու համար նախատեսված երեկույթ են կազմակերպել. տուգանվել է 200 անձ
Իրավապահ մարմինների աշխատակիցները տուգանել են ավելի քան 200 անձի, որոնք ապօրինի մասնակցել են Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լյերոն համայնքում բրիտանացիների կողմից 2500 մարդու համար կազմակերպված ամանորյա երեկույթին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ, արհամարհելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոշ բրիտանացիներ երեկույթ են կազմակերպել ստորգետնյա ռեյվերում (լքված կամ մոռացված շինություններով տեղակայված հաստատություններ, որոնք նախատեսված են երեկույթների անցկացման համար,- Tert.am):
Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի՝ համայնքում ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկվում է:
«Պարբերաբար քաղաքացիներ են տուգանվում: Արդեն իսկ կազմվել է ավելի քան 200 արձանագրություն: Այսօր գիշերը ես աշխատում եմ պետական ծառայողների և ժանդարմների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - ասել է նա:
BFM հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին հարյուրավոր ավտոմեքենաներ Ֆրանսիայի ամբողջ տարածքից և արտերկրից ժամանել էին Լյերոն համայնքի լքված կայարան:
Դեպքի վայր ժամանած ժանդարմները փորձել են ցրել երեկույթը, սակայն մասնակիցները հարձակվել են նրանց վրա: Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ջոկատներ, որոնք փակել են համայնքի մուտքն ու ելքը, բայց չեն ցրել հավաքվածներին՝ խուսափելով լուրջ բախումներից:
Երեկույթը շարունակվում է արդեն ավելի քան 24 ժամ: Պետական մարմինները մասնակիցներին պաշտպանիչ դիմակներ և ախտահանիչ նյութեր են բաժանել կորոնավիրուսի տարածման վտանգը որոշակիորեն կրճատելու համար:
Հավելվում է՝ անցկացվում է հետաքննություն իրավապահների նկատմամբ բռնության, թմրանյութերի հնարավոր վաճառքի և այլ հատկանիշներով: