Թրամփը Սենատին քննադատել է իր վետոն շրջանցելու և պաշտպանական բյուջեն հաստատելու համար
Ուրբաթ օրն ԱՄՆ-ի Սենատը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի վետոն 741 միլիարդ դոլար ծավալով պաշտպանական քաղաքականության օրինագծի վերաբերյալ, հայտնում է Washington Post պարբերականը:
Անդրադառնալով 1996 թվականին ընդունված «Հաղորդակցման էթիկայի մասին» օրենքի 230-րդ կետին`Թրամփն ասել է. «Մեր հանրապետական Սենատը պարզապես բաց թողեց հնարավորությունն ազատվելու 230-րդ կետից, որն անսահմանափակ ուժ է տալիս խոշոր տեխնոլոգիական ընկերություններին: Խղճուկ»:
Խոսելով կորոնավիրուսից տուժած քաղաքացիների կանոնավոր ուղղակի վճարումներն ավելացնելու օրենքի նախագծի մասին, որը նույնպես չի անցել Սենատում`ԱՄՆ-ի նախագահը հավելել է. «Հիմա նրանք ցանկանում են չինական վիրուսով կոտորված մարդկանց տալ 600 դոլար, այլ ոչ թե`2000, որը նրանց այդքան խիստ անհրաժեշտ է: Ո՛չ արդար է, ո՛չ էլ խելացի»:
Ներկայացուցիչների պալատը, սակայն, երկուշաբթի կողմ է քվեարկել երկրի քաղաքացիներին ուղղակի վճարումներն ավելացնելու նախաձեռնությանը, որը ենթադրում է քաղաքացիներին 600 դոլարի փոխարեն 2000 դոլարի տրամադրում:
Սա նախատեսվել է դեկտեմբերի 27-ին Թրամփի կողմից ստորագրված 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագծով, որը կազմում է մինչև 2,3 տրիլիոն դոլար, ինչը ներառում է տնտեսական խթանման միջոցառումների փաթեթ`կապված համաճարակի հետ: Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը պնդում է, որ Կոնգրեսը փաստաթուղթը ստորագրելուց հետո առանձին քննարկի`քաղաքացիներին ուղղակի վճարումները 2 հազար դոլարի հասցնելու հարցը:
Ուրբաթ օրը Սենատը հաղթահարել է նախագահ Թրամփի վետոն, որը նախկինում արգելափակում էր 740 միլիարդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեն ընթացիկ ֆինանսական տարվա համար: Ներկայացուցիչների պալատն, իր հերթին, երկուշաբթի օրը հաղթահարել է պետության ղեկավարի վետոն: Այսպիսով, չնայած ամերիկացի առաջնորդի հակազդեցությանը, ուժի մեջ են մտնում պաշտպանական բյուջեի դրույթները, որոնք ներառում են «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը: Թրամփի նախագահության ընթացքում առաջին անգամ Կոնգրեսի երկու պալատները կարողացել են հաղթահարել վետոյի իրավունքը: