Սոլսբերիի մոտ հերթական խորհրդավոր մոնոլիտն են հայտնաբերել
Ուրբաթ օրը բրիտանական Սոլսբերիի մերձակայքում հայտնաբերվել է մի խորհրդավոր մոնոլիտ, որը նման է նախկինում մի շարք երկրներում հայտնաբերվածներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ITV News-ին:
Առավոտյան Ուիլթշիր կոմսությունում մոտ 2,4 մետր բարձրությամբ մոնոլիտ են նկատել: Եռակողմ կոնստրուկցիան հայելային մակերեւույթ ունի։ Գոլորշով պատված մի կողմում անհայտ անձինք թողել են «Շնորհավոր Ամանոր» գրառումը:
Թե ինչպես է մոնոլիտը հայտնվել Սոլսբերիի մոտակայքում, եւ ով է թողել այնտեղ, դեռ հայտնի չէ։
Նախկինում մի քանի շողշողացող մոնոլիտներ էին հայտնաբերվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում եւ Բոլիվիայում: Բացի այդ, գտածո է հայտնաբերվել նաեւ Իսպանիայում, բայց այնտեղ մոնոլիտն արդեն ընկել է: