Հայկական սպորտի աստղերի ամանորյա շնորհավորանքն ու շնորհակալությունը Արցախյան պատերազմի հերոսներին
Անցնող 2020 թվականը անհաջող տարի էր հայկական սպորտի համար: Մարզաշխարհի ներկայացուցիչները նախ բախվեցին կորոնավիրուսի համավարակին, ապա Արցախյան պատերազմին: Օլիմպիական հագեցած տարին հետաձգվեց մեկ տարով, իսկ հայ մարզիկները ստիպված եղան մարզումային պրոցեսները մարզադահլիճներից տեղափոխել տնային պայմաններ, դուրս, իսկ մարզական նպատակները հետաձգել մեկ տարով, քանի որ Օլիմպիական խաղերի հետ միասին հետաձգվեցին չեղարկվեցին տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններ, վարկանիշային եւ միջազգային մրցաշարեր:
NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի աստղերի ամանորյա շնորհավորանքները:
Հակոբ Մկրտչյան
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն
«Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Ցանկանում եմ գալիք տարում խաղաղություն լինի մեր երկրի, մեր հայ ազգի համար: Թող ոչ մի Մայր չարտասվի: Մեր մայրերի արցունքները թող լինեն միայն ուրախության, թող մանկան ճիչ լսվի յուրաքանչյուր հայի տանը, թող լույս իջնի Արցախյան պատերազմում նահատակված մեր հերոսների շիրիմներին: Միայն նրանց շնորհիվ է, որ մենք հիմա կանք, ապրում ենք:
Շնորհակալություն բոլոր հայ մայրերին այսպիսի հզոր տղաներ մեր ազգին, բանակին, հայրենիքին պարգեւելու համար. խոնարհվում ենք ձեր առջեւ»:
Գեւորգ Ղարիբյան
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
«Այն, ինչ տեսանք եւ ապրեցինք 2020 թվականին, կուզեմ, որ այլեւս երբեք չկրկնվի: Թող 2021 թվականը խաղաղության, վերականգման, նոր հաղթանակների տարի լինի: Մենք պետք է վերականգնվենք, ուժ եւ հավատ գտնենք մեր մեջ, որպեսզի կարողանանք նորից ապրել, արարել, հաղթանակներ կերտել: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Աստված պահապան մեր ազգին:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն մայրերին, որոնք այս պատերազմում կորցրին իրենց որդիներին: Նրանց տղաները հավերժ մեր հերոսներն են եւ միշտ կմնան մեր հիշողություններում, քանի որ կյանքով պարտական ենք նրանց մեր հայրենիքը պաշտպանելու համար»:
Վազգեն Թեւանյան
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր
«Վստահ եմ, որ որեւէ մեկն այս տարի տրամադրություն չի ունենա Նոր Տարի նշել: Բայց Նոր 2021 թվականին պետք է կարողանանք վերականգնվել: Կուզեմ, որ նոր տարում ուժեղ լինենք, փորձենք եւ կարողանանք դուրս գալ այս վիճակից, հոգեվիճակից եւ առաջ շարժվել: Նոր հաղթանակներով կյանքը մեզ է սպասում:
Շնորհակալություն մեր բանակին: Հայոց բանակը չի պարտվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: