Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների փաստերով 4 քրգործ ուղարկվել է դատարան. 14 անձ մեղադրյալ է
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ, հնչեցվել են սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև տեղ են գտել ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը որոշակի գործողություններ պարտադրելու, բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի ու փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների դեպքեր:
Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ: