Լուկաշենկոն ընդդիմությանը համեմատել է Հիտլերի կամակատարների հետ
Բելառուսում նացիզմի հերոսացման փորձ է արվել։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է EADaily-ն։
«Աշխարհը սրընթաց փոխվում է, մի շարք պետություններ ներքաշվել են քաղաքացիական պատերազմներում և ազգամիջյան հակամարտություններում։ Դուք ոչ միայն գիտեք այդ մասին, այլ մենք բոլորս դա անձամբ եք տեսել։ Մեր արևմտյան և հյուսիսային սահմանների մոտ ռազմական ներուժի մշտական աճ է տեղի ունենում։ Լեհաստանը և Մերձբալթյան երկրները ՆԱՏՕ-ի զորքերի կանոնավոր վարժանքների և զորավարժությունների համար մարտադաշտի են վերածվել: Մեզ սպառնում են ոչ միայն նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, այլ նաև մեր դեմ իրական տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, մշտապես քաղաքական սադրանքներ են կազմակերպվում»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ «ժամանակ անցավ, կրքերը մի քիչ հանդարտվեցին, և մարդիկ տեսան՝ ով էր ձգտում իշխանության»։
«Փողոցային անկարգությունների կազմակերպման գործում առաջատար դեր են խաղում արտասահմանյան տիկնիկագործներն ու նրանց կամակատար կոլաբորացիոնիստները, որոնք չկարողացան այլ կերպ ցույց տալ իրենց քաղաքական նշանակությունը։ Մենք արդեն նման մարդկանց տեսել ենք գերմանական կինոքրոնիկաներում, որոնք հիացմունքով քայլում էին ֆյուրերի դիմանկարներով»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ չնայած արտասահմանից հսկայական ֆինանսավորմանը «անհնար է երկրում նացիզմի հերոսացումը»։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: