Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկա» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելուն վերաբերող որոշման, ըստ որի տուգանք է կիրառվել մի շարք ընկերությունների՝ այդ թվում նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ։
Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, ավելի քան 20 տարի գործունեություն ծավալելով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում, մշտապես առաջնորդվել է ՀՀ-ում գործող օրենքների պահանջներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործողությունները որակվել են որպես «հակամրցակցային համաձայնություն», համարում ենք անհիմն ու հայտարարում, որ ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել որևէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ։ Ուստի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն պատրաստվում է բողոքարկել նշված որոշման իրավաչափությունը՝ իր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով»: