Հյուսիսային Կորեայի իշխանությունները սկսել են արգելել օտարերկրյա արժույթի օգտագործումը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սկսել են արգելել վճարումներ կատարելիս օտարերկրյա արժույթի օգտագործումը, չնայած մինչեւ հիմա երկրում դրա կիրառումը փաստացի չէր սահմանափակվում: Սա կարող է լինել երկրի մանրածախ շուկաներում գործարքների վերահսկողության ուժեղացման գործընթացի մասը, հայտնում է ճապոնական Asahi պարբերականը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրների տեղեկացմամբ՝ վճարումներ կատարելիս դոլարի եւ յուանի օգագործման դադարեցման մասին հրամանը ստացել է ավելի քան 500 ազատ շուկաների ղեկավարությունը, որտեղ իրականացվում է Հյուսիսային Կորեայի մանրածախ առեւտրի հիմնական մասը: Տեղեկություն կա նաեւ խոշոր ընդհատակյա ձեռնարկատիրոջ կալանավորման եւ մահապատժի մասին, որը վերահսկում էր Փհենյանում արժույթի փոխանակման զգալի մասը:
Հյուսիսային Կորեայում սկզբնապես գործում էր ապրանքների եւ մթերքի բաշխման սոցիալիստական քարտային համակարգը: Այն, սակայն, 1990-ական թվականներին փլուզվեց սուր տնտեսական ճգնաժամի եւ բազմաթիվ տարերային աղետների հետեւանքով:
Իշխանություններն արդյունքում սկսեցին մատների արանքով նայել ազատ շուկաների ձեւավորմանը եւ երկրում օտարերկրյա արժույթի շրջանառությանը, քանի որ միայն դա կկարողանար տնտեսությունը կայունացնել եւ լուծել սովի խնդիրը: Asahi-ն նշում է, որ Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընը բարեփոխումներ անցկացրեց, որոնց ժամանակ ձեռնարկություններին եւ գյուղացիներին թույլ տրվեց ազատ իրացնել իրենց արտադրանքի մինչեւ 70 տոկոսը: Դա նաեւ նպաստեց երկրում յուրահատուկ շուկայական տնտեսության ձեւավորմանը, որը հիմա Հյուսիսային Կորեայի իշխանությունները, Սեուլի կարծիքով, ցանկանում են մեծ վերահսկողության տակ վերցնել: