Ռոհանի. Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունների լուծումը եւ Լեռնային Ղարաբաղի տարածքների ազատագրումը տնտեսական լավ հետեւանքներ կունենա սահմանի իրանական կողմում ապրող մարդկանց համար»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՝ հավելելով, որ Իրանն ու Ադրբեջանը պետք է ավարտեն առանցքային հիդրոէլեկտրային նախագծերը սահմանին, հաղորդում է Tasnim-ը:
«Ադրբեջանի Հանրապետության տարածքների ազատագրումն օգտակար էր տնտեսական գործունեության որոշ տեսակների համար, առաջինը (օրինակը) Խոդա Աֆարինի ջրամբարի մասին համաձայնագիրն էր: Այս ջրամբարն ի վիճակի է ոռոգել մեր հողի 120 հազար հեկտարը»,- հավելել է նա:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ վերջնական համաձայնության գալու մասին Խոդա Աֆարին ջրամբարում երկու խոշոր էլեկտրակայանների կառուցման ծրագրերի իրականացումը շարունակելու շուրջ: