«Որոշ դեպքերում արժանապատիվ մեռնելու համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն». Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը հաստատել է էվթանազիայի մասին օրենքը
Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը հաստատել է էվթանազիայի մասին օրինագիծը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագծին կողմ է քվեարկել 198 պատգամավոր, դեմ՝ 138, իսկ երկուսը ձեռնպահ են մնացել: Օրինագիծը այժմ կներկայացվի սենատ (խորհրդարանի վերին պալատ): Ըստ կանխատեսումների, այն կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա առաջին կեսին:
Նախաձեռնությունը քննարկման է ներկայացրել Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Օրենքով նախատեսվում է կարգավորել էվթանազիայի իրավունքը անբուժելի հիվանդ կամ լուրջ, քրոնիկ և հաշմանդամ հիվանդությամբ տառապող այն մարդկանց համար, որոնց դեպքում այդ հիվանդությունները «անտանելի ֆիզիկական կամ մտավոր տառապանքի» առաջացման պատճառ են՝ առանց բուժման կամ բարելավման հնարավորության:
Նախաձեռնության համաձայն՝ Իսպանիայում յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կամ երկրում բնակության թույլտվություն ունեցող անձ կարող է էվթանազիա պահանջել: Այս որոշումը պետք է կայացնի միայն ինքը՝ հիվանդը, և նա ստիպված կլինի առնվազն չորս անգամ հաստատել իր ցանկությունը: Բացի այդ, էվթանազիա խնդրող անձը ցանկացած պահի կկարողանա հետ վերցնել իր դիմումը կամ պահանջել երկարաձգում:
Հարցումը կգնահատեն բժիշկները, ինչպես նաև հատուկ հանձնաժողովը, որը վերահսկում է օրենքի համապատասխանությունը: Եթե բոլոր պահանջները պատշաճ կերպով բավարարվեն, հիվանդը կկարողանա իրացնել իր իրավունքը`ընդունելով անհրաժեշտ դեղամիջոցը կամ դիմելով բժշկի օգնությանը:
Երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյայի խոսքոց՝ «որպես հասարակություն՝ իրենք չեն կարող անտարբեր անցնել որոշ մարդկանց անտանելի տառապանքների կողքով:
«Մենք գիտակցում ենք, որ որոշ դեպքերում արժանապատիվ մեռնելու համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն», - նկատել է պաշտոնյան: