Վաշինգտոնում տեղի են ունեցել բախումներ Թրամփի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջև
Նախագահական ընտրությունները կեղծելու մասին հայտարարող պահպանողական խմբերն անցկացրել են բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում շաբաթ օրը, հաղորդում է Reuters-ը:
Այդ ակցիաներից մի քանիսի ժամանակ կատաղի բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ:
«Դադարեցրեք գողությունը» կարգախոսի ներքո անցկացվող բողոքի ցույցերի կազմակերպիչները եւ եկեղեցական կազմակերպությունները կոչ են արել անցկացնել քայլերթ:
Սակայն շաբաթ երեկոյան Վաշինգտոնում այդ ակցիաները վերածվել են բախումների Proud Boys կազմակերպությունից Թրամփի կողմնակիցների եւ Antifa կազմակերպությունից նրա ընդդիմադիրների միջեւ:
Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ ոստիկանությունը ստիպված էր կիրառել պղպեղի սփրեյ նրանց առանձնացնելու համար:
Proud Boys աջակողմյա խմբավորման շուրջ 200 անդամ միացել է Թրամփի հյուրանոցի մոտ ԱՄՆ նախագահին աջակցող քայլերթին: Ավելի վաղ ոստիկանությունն արգելափակել է փողոցները, որպեսզի բաժանի ցուցարարների շարասյուները:
Սակայն երեկոյան ցուցարարները փոքր խմբերով սկսել են փնտրել իրենց ընդդիմադիրներին:
Նշվում է, որ բողոքի ցույցեր են անցել նաեւ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում եւ Ալաբամա նահանգի Մոբայլ քաղաքում:
ԶԼՄ-ները հաղորդել են նաեւ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում Թրամփի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ հրաձգության մասին, որի հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր ԱՄՆ նախագահին աջակցող հայցը, որի նպատակն էր փորձել չեղարկել չորս նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթող է ճանաչվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: